ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Հիշողությունը կյանքի տեսակ է, որտեղ մահ չկա

Հիշողությունը կյանքի տեսակ է, որտեղ մահ չկա
02.04.2014 | 15:03

Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը

Անկասելի գնում են: Ու իրենց հետ տանում են մեզ՝ մեր պատմության, մեր էության, մեր՝ մեզ էլ անհայտ ուժի ու հնարավորությունների մասով: Ու հետո մեզ մնում են միայն բառերը, որ կարող ենք կամ չենք կարողանում ասել նրանց մասին, որովհետև աշխարհում ոչ ամեն ինչ է տեղավորվում բառերի մեջ: Անգամ ամենատարողունակ: Անգամ ամենահին: Անգամ ամենագեղեցիկ:
Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը՝ եթե ապրեր վաթսունհինգ տարեկան էր լինելու, մարդու համար մի տարիք, երբ երիտասարդության կորովին ավելացած է լինում հասունության փորձը, երբ կյանքը արդեն միանգամից երեք չափումներում է անցնում՝ անցյալի, ներկայի ու ապագայի, երբ ամեն ինչ գիտես, զգացել ես, ապրել ու հենց այդ պատճառով կյանքը ավելի իմաստավորված է, ավելի քոնը, ավելի միակը: Իսկ նա գնաց՝ կյանքը սպանելով: Ինքնասպանի նրա կյանքը, գուցե առեղծված թվա՝ կյանքի հաստատում դարձավ: Որովհետև կատարելության մեջ բուն դրած ցավը սկսում է աղարտել կատարելությունը ու գերմարդկային ուժ պիտի ունենաս, որ քո կատարելության պատկերը պաշտպանելու համար ընտրես ցավը սպանելու միակ միջոցը՝ ինքնասպան լինես: Ի՞նչ է զգացել իր վերջին պահին: Վստահ եմ, որ խելահեղ սեր՝ կյանքի հանդեպ, խելահեղ արագությամբ հիշողությունները պտտվել են ու հանգել այն կետին, որտեղ արդեն ոչինչ չի ցավում:
Իսկ հիշողությունների մեջ աշխարհներ են եղել: Ամեն մարդը՝ մի աշխարհ, ամեն բառը՝ մի աշխարհ, ամեն հանդիպումը՝ մի աշխարհ: Վրեժ Իսրայելյանին բառերը տրվում էին արտակարգ թեթևությամբ, նրա պատմվածքները նման են թելադրություն գրելուն, երբ թելադրողը հոգին է, միտքն ու սիրտը միաժամանակ: Թելադրություն, որ տրվում է գերդժվար, որովհետև հեշտ բառերը գրվում են գերծանր ներքին կյանք ապրելուց հետո միայն: Հետո՝ ուրիշները նրան կանվանեն արձակագիր, դրամատուրգ, լրագրող, իսկ նա ծնվել ու ապրում էր իբրև բառերի ծառա ու բառերի տեր: Ու այդ տաժանակիր ծառայության մեջ հասցնում էր որդի, ամուսին, հայր լինել, ընկերներին ընկեր լինել, սովորել ժուռնալիստիկայի ֆակուլտետում, աշխատել՝ Հեռուստառադիոպետկոմից «Հայրենիքի ձայն» ու «Սովետական Հայաստան», «Հայ զինվոր», պաշտպանության նախարարության վարչության պետ ու Նաիրի հրատարակչություն… Հասցնում էր պատմվածները տպագրել «Գարունից»՝ «Дружба народов»: Սցենարներ: Գրքեր: Հասցնում էր երկրապահ լինել ու զինվոր: Գնդապետ: Հասցնում էր: Իսկ հետո եկավ ցավը ու նա գնաց Աշնակ՝ միայնակ: Գնաց այնտեղ, որտեղ բոլոր բառերը վերջանում են իր համար ու սկսվում մեզ համար: Գեղարվեստական անանց արժեքի հետ Վրեժ Իսրայելյանը գրականություն բերեց պատմության ու ժամանակագրության անանց մի շերտ, որ այլևս ոչ ոք չէր կարող նրա պես պատմել՝ մասնակցի ու կողքից նայողի դիտակետից միաժամանակ:
Մարդու ծննդյան օրվա ու մահվան օրվա միջև բարակ մի գծիկ է դրվում սովորաբար: Շատ քչերի դեպքում այդ բարակ գծիկի վրա ծանրանում է այնքան մեծ մի պատմություն, որ արդեն ավելորդ է դառնում ծննդյան ու մահվան տարեթիվ, ամիս, ամսաթիվը նշելը, որովհետև կարևորը այն պատմությունն է, որ չէր լինի առանց նրանց, որ նրանք ավելացրին աշխարհում, թեպետ բոլորն էլ համոզված են, որ ընդլուսնյա աշխարհում ոչինչ նոր չկա: Դա մեծ ու տարածված սուտ է՝ աշխարհում ամեն ինչ նոր է: Ու բոլորս էլ անկրկնելի ու անփոխարինելի ենք միշտ: Վրեժ Իսրայելյանի գրականությունը բոլորիս անկրկնելի ու անփոխարինելի լինելու պատմությունն է, որ նոր է մնալու այնքան, որքան կարդացվելու է: Իսկ կարդացվելու է՝ քանի կան բառերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անկասելի գնում են: Ու իրենց հետ տանում են մեզ՝ մեր պատմության, մեր էության, մեր՝ մեզ էլ անհայտ ուժի ու հնարավորությունների մասով: Բայց երբ մենք մնում ենք մենակ՝ ինքներս մեզ հետ, հասկանում ենք, որ ոչ ոք ոչ մի տեղ իրականում չի գնացել, որովհետև հիշողությունը կյանքի մի տեսակ է, որտեղ մահ չկա:

Դիտվել է՝ 2011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ